Խորհրդային Հայաստանի տարածքում առաջին փաստագրական կադրերը նկարահանվել են 1920 թվականին կինոօպերատոր Ա. Լեմբերգի կողմից:
1923 թ. Երևանում ստեղծվել է Հայաստանի առաջին կինոստուդիան` «Հայկինո»-ն: Սկզբնական շրջանում այստեղ նկարահանվել են միայն փաստավավերագրական ֆիլմեր: 1924 թ. Ի. Կրասլավսկու ղեկավարությամբ նկարահանվել և էկրան է բարձրացել առաջին լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմը` «Խորհրդային Հայաստան» վերնագրով: Հետագայում նկարահանված վավերագրական ֆիլմերի մեծ մասը եղել է կարճամետրաժ: Այս շրջանի առավել ակնառու ֆիլմերից են` «Երկիր Նաիրի» (1930 թ., ռեժ. Հ. Բեկնազարյան) և «Խնդության երկիր» (1940 թ., ռեժ. Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան):
1933 թ. «Հայկինո»-ի կազմում ստեղծվել է վավերագրական ֆիլմերի «Հայկինոխրոնիկա» բաժինը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ կինովավերագրողներից շատերը մեկնել են գործող բանակ: Այդ տարիներին նկարահանվել են «Ռազմաճակատի համար» (1941 թ.), «Հայաստանի զավակները Հայրենական պատերազմում» (1944 թ.), «Գեներալ Բաղրամյան» (1945 թ.), «Թամանյան դիվիզիայի վերադարձը» (1945 թ.) ֆիլմերը: 1945 թ.-ին ստեղծվել է հայ կինոյի պատմության մեջ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմերից մեկը` «Երկիր հայրենի» -ն (ռեժիսորներ Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան, Լ. Իսահակյան, գեղ. ղեկավար` Ա. Դովժենկո): Ետպատերազմյան առաջին տասնամյակում հիմնականում ստեղծվել են երկրի վերականգնման մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:
1959 թ.-ին «Հայկինոխրոնիկա» -ն անջատվել է «Հայկինո»-ից և սկսել է գործել որպես «Երևանի փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա»: 1960-ական թվականներին ընդլայնվել և ավելի կազմակերպված, ծրագրային բնույթ է ստացել վավերագրական ֆիլմերի արտադրությունը: Ավագ սերնդի ներկայացուցիչների` ռեժիսորներ Վ. Հայկազյանի, Գ. Բալասանյանի, Ջ. Ժամհարյանի, Լ. Իսահակայանի, Ռ. Ֆրանգուլյանի, կինոօպերատորներ Գ. Ասլանյանի, Գ. Արամյանի, Գ. Սանամյանի և ուրիշների կողքին սկսել են աշխատել նոր սերնդի ռեժիսորներ` Ա. Վահունին, Ռ. Գևորգյանցը, Ա. Փելեշյանը, Ա. Շահբազյանը, Ս. Փոշոտյանը, Պ. Մալայանը և ուրիշներ, կինոօպերատորներ Բ. Հովսեփյանը, Յու. Բաբախանյանը, Մ. Վարդանովը, Է. Մաթևոսյանը և ուրիշներ: 1970-ական թվականներից որպես կինոօպերատորներ հանդես եկան նաև Լ. Պետրոսյանը և Ռ. Մարդանյանը:
1977 թ.-ից «Երևանի փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան» սկսել է կոչվել «Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիա»:
1982 թ.-ին «Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան» միացվել է «Հայֆիլմ» կինոստուդիային և գործել նրա կազմում որպես ՙՎավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում՚: 1980-ական թվականների սկզբին հայ վավերագրական կինոն համալրվել է նոր սերնդի ստեղծագործական ուժերով` ռեժիսորներ Գ. Ստեփանյան, Դ. Սաֆարյան, Լ. Մկրտչյան, Ա. Մնացականյան, Հ. Խաչատրյան, Գ. Հարությունյան, Հ. Հակոբյան, օպերատոր Ա. Խաչատրյան և ուրիշներ: Այդ տարիներին խաղարկային կինոյից վավերագրական կինո են մուտք գործել օպերատորներ Մ. Շահբազյանը, Ա. Միրաքյանը և Շ. Վարդանյանը, որոնք հետագայում հանդես են եկել նաև որպես ռեժիսորներ:
1990 թ.-ին «Վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումը» դուրս է բերվել «Հայֆիլմ» կինոստուդիայի կազմից և սկսել է գործել ինքնուրույն` «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» անվանմամբ, այնուհետև` «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից, այնուհետև գոյամարտի տարիներին հայ կինովավերագրողները ժապավենին են հանձնել մեր ժողովրդի նորագույն պատմության այդ շրջանի կարևորագույն իրադարձությունները: Մասնավորապես, ստեղծվել են «Արցախի վարպետները» (ռեժիսոր Ա. Մնացականյան, օպերատոր Ա. Խաչատրյան), «Թատերական հրապարակ» (ռեժիսոր Գ. Հարությունյան, օպերատոր Շ. Վարդանյան), «Պարետային ժամ» (ռեժիսոր Լ. Մկրտչյան, օպերատոր Շ. Վարդանյան), «Արցախ. E=mc2» (ռեժիսոր Ա. Մանարյան, օպերատոր Կ. Էքմեքջյան (Կալաֆատիս)): Մեկնելով ռազմաճակատ, հայ կինովավերագրողները ստեղծել են մի շարք ֆիլմեր, որոնցից առանձնանում են §Շուշի. վերադարձ գերությունից» լիամետրաժ ֆիլմը (ռեժիսոր Բ. Հովսեփյան, օպերատորներ Լ. Պետրոսյան, Բ. Հովսեփյան), «Թռիչքներ դեպի պատերազմ» (ռեժիսոր Գ. Ստեփանյան, օպերատոր Լ. Պետրոսյան), «Արցախյան օրագիր» կինոհանդեսների շարքը և այլն:
Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր, հավատարիմ մնալով վավերագրական կինոյի առաքելությանը, Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան կինոժապավենին է հանձնել պետության ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները, ստեղծել է մի շարք արժեքավոր ֆիլմեր` ի նպաստ աճող սերնդի հայեցի դաստիարակման, երիտասարդության շրջանում հայրենասիրական ոգու ամրապնդման, աշխարհին Հայաստանի և հայ ժողովրդի պատմության իրազեկման, ինչպես նաև, համաշխարհային մշակույթում նրա ունեցած ուրույն նշանակության քարոզչության:
Վերջին տարիներին «Հայկ» կինոստուդիայի հետ սկսել են համագործակցել օպերատոր Ա. Մովսեսյանը և ռեժիսոր Վ. Կևորկովը, ինչպես նաև, երիտասարդ ռեժիսորներ Ա. Գասպարյանը, Ա. Մովսեսյանը, Դ. Ստեփանյանը, օպերատորներ Վ. Տերտերյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ: